Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

05/16/2024 | Press release | Distributed by Public on 05/16/2024 09:37

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

16 մայիսի, 2024

Մայիսի 15-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից այն վարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ հորդանանյան կողմից՝ արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեն:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Հորդանանի միջև երկկողմ քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով բարձրաստիճան այցելությունները և զանազան միջազգային հարթակներում պարբերական հանդիպումները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական, ՏՏ և էլեկտրոնային կառավարման բնագավառներում, զբոսաշրջության, գիտության ու կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խորացման վերաբերյալ:

Կողմերն իրենց մտահոգությունն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում՝ «Կովերի պարտեզ» տարածքի շուրջ ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ՝ դեմ արտահայտվելով ցանկացած գործողության, որը կհանգեցնի Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանը:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հորդանանյան պատվիրակությանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը, վերջերս այդ նպատակով մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ շեշտը դնելով հաղորդակցման կապուղիների վերաբացման հիմքում դրված ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության և հավասարության առանցքային սկզբունքների վրա:

Նա շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության առնչությամբ:

Հորդանանյան կողմն իր հերթին ներկայացրել է Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանում անվտանգային հարցերը, մասնավորապես՝ Գազայում պատերազմի, Սիրիայի ճգնաժամի և դրանց հետ առնչվող մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ պաշտոնական Ամմանի տեսլականը: