Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia

05/07/2024 | Press release | Distributed by Public on 05/08/2024 04:18

Խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

07 մայիսի, 2024

Մայիսի 7-ին Վարշավայում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լեհականը՝ Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդան:

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծելով երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և փոխադարձ աջակցության հնարավորությունները։

Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը։ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարևորությունը՝ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման համատեքստում։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանային առանցքային հարցերի շուրջ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Լեհաստան կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի նախագահի աշխատակազմի Միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար, պետքարտուղարի տեղակալ Միեշկո Պավլակի և նախագահի խորհրդական Վոյչեխ Գերվելի, ինչպես նաև Լեհաստանի Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գժեգոժ Շչետինայի հետ։ ԱԳ նախարարի տեղակալը Վարշավայում մասնակցել է նաև պանելային քննարկման «Defence24 Days» համաժողովի շրջանակներում, ինչպես նաև հանդիպում է ունեցել Արևելյան ուսումնասիրությունների կենտրոնում (OSW - Center for Eastern Studies):